Քարանձավի այլաբանություն
Քարանձավի այլաբանությունը (ալեգորիան) կամ Պլատոնի քարանձավը, տեղ է գտել հույն փիլիսոփա Պլատոնի «Հանրապետություն» աշխատության մեջ՝ «կրթության (հունարեն՝ παιδεία) և դրա բացակայության ազդեցությունը մեր բնավորության վրա» համեմատելու նպատակով։ Այն գրված է Պլատոնի եղբոր՝ Գլաուկոնի և Սոկրատեսի միջև ընթացող երկխոսության տեսքով։ Այլաբանությունը ներկայացված է արևի և բաժանված գծի անալոգիայից հետո։ Այս երեքը բնութագրվում են VII և VIII գրքերի վերջում՝ առնչվելով դիալեկտիկայի հետ։
Այլաբանության մեջ Պլատոնը Սոկրատեսի միջոցով նկարագրում է մի խումբ մարդկանց, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում շղթայված են եղել քարանձավի պատին՝ առջևում տեսնելով միայն դատարկ պատը։ Մարդիկ պատի վրա տեսնում էին իրենց հետևում գտնվող կրակի մոտով անցնող օբեկտների արտացոլված ստվերները, որոնց էլ անուններ էին տալիս. ստվերները բանտարկյալների իրականությունն էին։
Սոկրատեսը բացատրում է, թե ինչպես փիլիսոփան նման է բանտարկյալի, ով ազատվելով քարանձավից հասկանում է, որ պատի ստվերներն ամենևին էլ իրականությունը չեն, քանի որ տեսնում է իրականության իսկական ձևը, այլ ոչ թե արտացոլված պատկերը՝ արտահայտված ստվերների տեսքով։ Քարանձավի բանտարկյալները նույնիսկ չեն ցանկանում լքել իրենց բանտը, քանի որ ավելի լավ կյանքի գոյության մասին չգիտեն։ Բանտարկյալներին մի օր հաջողվում է քանդել իրենց շղթաները և պարզել, որ իրականությունն այնպիսին չէ, ինչպիսին կարծում էին։ Նրանք հայտնաբերում են արևը, որը Պլատոնը օգտագործում է որպես անալոգիա մարդու հետևում գտնվող կրակին, որը մարդը չի տեսնում։ Կրակի նման, որը լույս է սփռում քարանձավի պատերին, մարդու կյանքն ընդմիշտ կապված է այն տպավորությունների հետ, որոնք ստացվում են զգայարանների միջոցով։ Նույնիսկ, եթե այս մեկնաբանությունները (կանտյան տերմինաբանության մեջ՝ ինտուիցիա) իրականության անհեթեթ խեղաթյուրումն են, չենք կարող ինչ-որ կերպ ազատվել մեր մարդկային վիճակի կապանքներից, ինչպես որ բանտարկյալները չէին կարող ազատվել իրենց շղթաներից։ Եթե, այնուամենայնիվ, հրաշքով խուսափենք կապանքներից, կգտնենք մի աշխարհ, որը չենք կարողանա հասկանալ. արևը անհասկանալի է այն մարդու համար, ով երբեք չի տեսել այն։ Այլ կերպ ասած, կհանդիպենք մեկ այլ, անհասկանալի «տարածության», որն էլ, տեսականորեն, բարձրագույն իրականությունն է, այլ ոչ թե այն, ինչը մեզ հայտնի է. իրական ձևի, իրողության տիրույթն է[1]։
Սոկրատեսը նշում է, որ այս այլաբանությունը կարող է զուգակցվել նախորդ գրվածքների, մասնավորապես, արևի և բաժանված գծի ալեգորիայի հետ։
Ընդհանուր իմաստը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտարկություն քարանձավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլատոնի պատմությունը սկսվում է այսպես․ Սոկրատեսը խնդրում է Գլաուկոնին պատկերացնել մի քարանձավ, որտեղ մարդիկ մանկությունից բանտարկված են եղել (կարևոր է նշել, որ (տեքստի հիման վրա) բանտարկված են եղել մանկուց, բայց ոչ ծննդյան օրվանից)։ Այս բանտարկյալները շղթայված են այնպես, որ ոտքերն ու պարանոցները ամրացված լինեն՝ ստիպելով նրանց հայացքը հառել իրենց առջևի պատին և, որ չկարողանան իրենց շուրջը կամ միմյանց նայել[2]։ Բանտարկյալների հետևում կրակ է, բայց կրակի ու բանտարկյալների միջև ցածր պատ կա, որի ետևում մարդիկ քայլում են տեղափոխելով տարբեր առարկաներ կամ տիկնիկներ[2], սակայն մարդկանց ստվերները չեն երևում բանտարկյալների մոտ, քանի որ քայլում են պատի ետևում, այլ երևում են տեղափոխվող առարկաների ստվերները (ճիշտ այնպես, ինչպես տիկնիկային ցուցադրողները ունեն էկրաններ, որոնց դիմաց աշխատում են[2]): Բանտարկյալները իրենց հետևում կատարվող ոչինչ չեն կարող տեսնել, նրանք միայն կարողանում են տեսնել իրենց առջևի պատին գցված ստվերները։ Մարդկանց ձայները արտահայտվում են պատերից, և բանտարկյալները կարծում են, որ այդ հնչյունները ստվերներից են գալիս[2]։
Սոկրատեսն ասում է, որ ստվերները իրականությունն են բանտարկյալների համար, քանի որ նրանք այլ բան չեն տեսել և չեն գիտակցում, որ իրենց տեսածը կրակի առջևում գտնվող առարկաների ստվերներն են[2]։
Հրդեհը, կամ լույսն ու տիկնիկները, ստեղծվում են մարդկանց կողմից։ Պլատոնը, նշում է, որ հրդեհը կարելի է նմանեցնել այն քաղաքական դոկտրիններին է, որոնք ուսուցանվում են պետություններում։ Նկարիչները օգտագործում են լույսը և ստվերները` ժամանակի և տեղի գերիշխող ուսմունքները ցույց տալու համար։
Քարանձավից քչերը կարող են փախչել։ Սա դյուրին խնդիր չէ, և միայն իսկական փիլիսոփան, տասնամյակներ շարունակ պատրաստվելով, կկարողանա լքել քարանձավը։ Մարդկանց մեծամասնությունը կապրի քարանձավի ներքևի մասում, և միայն քչերը կդառնան այն նկարիչները, որոնք նախագծում են ստվերները՝ մարդկանց կողմից ստեղծված լույսի կիրառմամբ։
Մեկնում քարանձավից
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլատոնը այնուհետև ենթադրում է, որ բանտարկյալներից մեկը կարողանում է ազատվել։ Այդ բանտարկյալը նայելու է շուրջը և կտեսնի կրակը, սակյան աչքերը կվնասվեն ուժեղ լույսից և դժվար կլինի տեսնել ստվերներ գցող առարկաները։ Եթե նրան ասեին, որ այն, ինչ տեսնում է, իրական է, իրականության այն տարբերակի փոխարեն, որը նա տեսնում էր քարանձավի պատին, չի հավատա։ Ազատված բանտարկյալը կվերադառնա դեպի այն ամենին, ինչին սովոր էր (այսինքն՝ առարկաների ստվերներին)։ Պլատոնը գրում է. «... դա կխանգարի նրա աչքերին, և նա կփախչի` շրջվելով դեպի այն իրերը, որոնց նա կարող էր նայել, և այն, ամենին ինչին հավատում էր, որը ավելի պարզ էր, քան այն, ինչը նրան ցույց էին տալիս»[2]։
Պլատոնը շարունակում է. «Ենթադրենք, որ ինչ-որ մեկը պետք է առանց կանգ առնելու, ուժ գործադրելով նրան քաշի դեպի վերելքը, դեպի կտրուկ ճանապարհը, մինչև կկարողանա նրան դուրս հանել արևի լույսի տակ»[2]։ Բանտարկյալը կբարկանա և ցավի մեջ կլինի, արևի պայծառ լույսը կկուրացնի նրան և ավելի կվատթարացնի վիճակը[2]։
Հետո «աստիճանաբար նրա աչքերը հարմարվում են արևի լույսին։ Սկզբում նա կարողանում է միայն տեսնել ստվերները։ Այնուհետև կարող է ջրի մեջ տեսնել մարդկանց և իրերի արտացոլանքները, իսկ հետո ավելի ուշ տեսնել մարդկանց ու իրերը։ Վերջիվերջո գիշերը նա կկարողանա նայել աստղերին ու լուսնին, մինչև վերջում կկարողանա նայել արևին»[2]։ Միայն այն բանից հետո, երբ նա արդեն ուղիղ նայում է արևին, «նա կարող է մտածել արևի մասին» և թե ինչ է այն[3][4]։
Վերադարձ քարանձավ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլատոնը շարունակում է՝ ասելով, որ ազատված բանտարկյալը կմտածի, որ քարանձավի սահմաններից դուրս գտնվող աշխարհը գերազանցում է քարանձավում գոյություն ունեցող աշխարհը և փորձելու է այդ մասին տեղեկացնել քարանձավում մնացած մյուս բանտարկյալներին՝ փորձելով նրանց ցույց տալ այն նոր աշխարհը, որը նա նոր էր ապրել[2]։
Վերադառնալով քարանձավ՝ բանտարկյալի աչքերը, որ սովոր էին արևի լույսին, քարանձավ մտնելիս խավարում ոչինչ չի տեսնի, ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ արև տեսնելիս[2]։ Պլատոնի խոսքերով, բանտարկյալները, նկատելով վերադարձող մարդու կուրությունը, կենթադրեն, որ քարանձավից դուրս գալը նրան վնասել է, և, որ նրանք չպետք է կատարեն նմանատիպ ճանապարհորդություն։ Պլատոնը եզրակացնում է, որ բանտարկյալները, եթե կարողանային, կսպանեին յուրաքանչյուրին, ով կփորձեր նրանց քարայրից դուրս հանել[2]։
Սիմվոլիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այլաբանությունը պարունակում է սիմվոլիզմի բազմաթիվ ձևեր, որոնք օգտագործվում են ընթերցողին իրականության, երևույթի ավելի ճիշտ ընկալման համար։ Քարանձավը ներկայացնում է մակերեսային, ֆիզիկական իրականությունը։ Այն նաև անտեղյակությունն է, քանի որ քարանձավում ապրողներն ընդունում են միայն այն, ինչ տեսնում են։ Անտեղյակությունն ավելի է խորանում, երբ խավարը ամբողջովին պատում է քարանձավը, և, քանի որ բանտարկյալները չգիտեն ստվերները արտացոլող իրական առարկաների մասին, հավատում են, որ ստվերները առարկաների իրական ձևերն են։ Շղթաները, որոնք թույլ չեն տալիս բանտարկյալներին քարանձավից դուրս գալ, ցույց են տալիս, որ նրանք հայտնվել են անգիտության մեջ, քանի որ շղթաները կանգնեցնում են նրանց ճշմարտությունը իմանալուց։ Քարանձավի պատերին գցված ստվերները ներկայացնում են մակերեսային ճշմարտությունը, ինչը պատրանք է։ Ազատված բանտարկյալը բացատրում է նրանց, ովքեր հասկանում են, որ ֆիզիկական աշխարհը միայն ճշմարտության ստվերն է, և արևը, որի լույսը ընկնում է բանտարկյալների աչքերին, ներկայացնում է գաղափարների ավելի բարձր ճշմարտությունը։ Լույսը նաև ներկայացնում է իմաստությունը, քանի որ նույնիսկ այն լույսը, որը թափանցում է քարանձավի մեջ, թույլ է տալիս բանտարկյալներին որոշակի չափով տեղեկություն ունենալ ձևերի մասին[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պլատոնականություն
- Արևի անալոգիա
- Բաժանված գծի անալոգիա
- Արքետիպ
- Խրախճանք
- Սոկրատեսի պաշտպանականը (Պլատոն)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ A. S. Ferguson, "Plato's Simile of Light. (Part II) The Allegory of the Cave (Continued)", The Classical Quarterly, 16, no. 1, 1922, 15–28
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Plato. Rouse, W.H.D. (ed.). The Republic Book VII. Penguin Group Inc. էջեր 365–401.
- ↑ Jowett, B. (ed.) (1941). Plato's The Republic. New York: The Modern Library. .
- ↑ Malcolm, John (1962 թ․ հունվարի 1). «The Line and the Cave». Phronesis. 7 (1): 38–45. doi:10.1163/156852862x00025. ISSN 0031-8868.
- ↑ Cohen, S Marc (2006). «The Allegory of the Cave». washington.edu. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Nettleship, Richard Lewis, "Chapter 4 - The four stages of intelligence", Lectures On The Republic Of Plato (2nd ed.), London: Macmillan & Co., 1955
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարանձավի այլաբանությունը
- Ted-ed: Պլատոնի քարանձավի այլաբանությունը
- Պլատոն։ «Հանրապետություն»
- Պլատոնի քարանձավի այլաբանությունը «Հանրապետություն» աշխատության մեջ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քարանձավի այլաբանություն կատեգորիայում։ |